ՀՀ ԱԺ խոսնակը ցավակցական ուղերձ է հղել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդի մահվան կապակցությամբ

10.01.2008, 17:43
ՀՀ ԱԺ խոսնակը ցավակցական ուղերձ է հղել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն իր ցավակցությունն է հայտնել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության աառջնորդ Մանուկ Գասպարյանի մահվան կապակցությամբ։

«Մեծ ցավով ստացա  Հայաստանի խորհրդարանի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Մանուկ Գասպարյանի անժամանակ մահվան մասին»,- ասվում է Թորոսյանի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիային» տրամադրել են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Խոսնակի խոսքով, Գասպարյանը առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում ինչպես երկու գումարումների խորհրդարանում այնպես էլ երկրի բազմակուսակցական համակարգում։

«Ծանր կորստի հետ կապված ցավակցություն եմ հայտնում Մանուկ Գասպարյանի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան, Երևանում մահացել է քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ 59-ամյա Մանուկ Գասպարյանը։

Մանուկ Գասպարյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 16-ին՝ Ապարանի շրջանի Քասախ գյուղում։ 1976 թ. ավարտել է ավարտել է Մոսկվայի ինժեներաշինարարական ինստիտուտը, 1989 թ.-ին՝ Բելգորոդի (ՌԴ) սպառողական կոոպերացիայի ինստիտուտը:

1971-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ առևտրի նախարարության համակարգում գլխավոր հաշվապահ, սննդառի տնօրեն: 1990-1997 թթ. եղել է «Օրիոն» ՍՊԸ նախագահ, 
1997-1999 թթ.` Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի ֆինանսական բաժնի պետ:  

1999-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մեծամասնական համակարգով։

2005 թ. ձևավորել է իր՝ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որն ունի շուրջ 4,7 հազ. անդամ։--0—