Հայաստանի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագիրը

18.12.2007, 14:46
Հայաստանի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երեքշաբթի նիստի ժամանակ հաստատել է ԱՊՀ անդամ-պետությունների «Հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագիրը։ Ինչպես ներկայացնելով փաստաթուղթը հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը՝ Խորհրդի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2005թ. օգոստոսի 26-ին Կազանում կնքված ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո։

«Հումանիտար համագործակցության խորհրդի հիմնական խնդիրներն են՝ մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության միջոցների, ինչպես նաև սպորտի, տուրիզմի և երիտասարդության հետ աշխատանքի ոլորտներում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը և զարգացումը»,- ասաց նա։  

Խորհուրդը, փոխնախարարի խոսքերով, հստակեցնում է նաև հումանիտար ոլորտում Համագործակցության երկրների փոխգործակցության առաջնային ուղղությունները և ձևաչափերը, մշակում է համատեղ գործողությունների համակարգման առաջարկությունները։ Այս կառույցը մշակում է նաև Համագործակցության երկրների առաջնային միջպետական միջոցառումների երկամյա ծրագրերը և միջազգային-իրավական փաստաթղթերի նախագծերը, համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։

«Խորհրդի կազմում ընդգրկված են ԱՊՀ յուրաքանչյուր պետությունից  մեկական լիազոր ներկայացուցիչ, Հայաստանը ներկայացնում է նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը։ Երկրները Խորհուրդը նախագահում են հերթով. յուրաքանչյուր պետություն՝ մեկ տարուց ոչ ավելի ժամկետով»,- տեղեկացրեց նա։

Միաժամանակ Ղարիբջանյանն ավելացրեց, որ համաձայնագրի հաստատումը Հայաստանին լրացուցիչ ֆինանսական ծախսեր չի բերի, իսկ դրա նորմերը չեն հակասում Հայաստանի օրենսդրությանը։

ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության խորհրդի առաջին նիստը տեղի ունեցավ 2007թ. մարտի 16-17-ին՝ Ալմա-Աթայում։ Նիստին մասնակցում էին Խորհրդի անդամները Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Կիրգիզիայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Նիստին կողմերը համաձայնություն ձեռք բերեցին, որ Խորհրդի որոշումների իրագործմամբ զբաղվելու է Հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի ստեղծման մասին ստորգրվեց համաձայնագիր։--0—