ANCA-ն անհանգստացած է Հայաստանին և Ղարաբաղին ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական օգնության կրճատմամբ

18.12.2007, 13:16
ANCA-ն անհանգստացած է Հայաստանին և Ղարաբաղին ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական օգնության կրճատմամբ
ANCA-ն անհանգստացած է Հայաստանին և Ղարաբաղին ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական օգնության կրճատմամբ

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA) անհանգստություն է հայտնում 2008 ֆիսկալ տարում Հայաստանին և Ղարաբաղին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ամեն տարի տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալի կրճատմամբ։

«Մեզ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության ընդհանուր չափը նվազեցվել է՝ 2007 թ. համեմատ։ Դա  հատկապես կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման արդյունքում տնտեսական ծախսերի, ինչպես նաև հայերի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին Բաքվի հայտարարությունների լույսի ներքո», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված՝ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի (Aram Hamparian) հայտարարության մեջ։

Միաժամանակ Համփարյանը շնորհակալություն է հայտնում բոլոր կողմնակիցներին, «որոնց հաջողվել է հաստատման ներկայացնել ֆինանսական օգնության ավելի բարձր թվեր, քան նախագահի պահանջն էր, ինչպես նաև աջակցել կողմերի հավասարությանը՝ Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության հարցում»։

ANCA-ի տվյալներով, դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը և Սենատը համաձայնեցրել են 2008 ֆիսկալ տարվա համար Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության ծավալը։ Օրինագծի համաձայն, Հայաստանին կհատկացվի 58,5 միլիոն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 3 միլիոն դոլարի չափով օգնություն։ Այսպիսով, 2008  ֆիսկալ տարվա համար Հայաստանին և Ղարաբաղին հատկացվող ընդհանուր գումարը ավելի քիչ կլինի, քան 2007 թ.-ին։

Բացի այդ, սույն օրինագիծը նախատեսում է 50,5 միլիոն դոլար տրամադրել Վրաստանին և 19 միլիոն դոլար՝ Ադրբեջանին։

2007 թ. հունիսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2008 ֆիսկալ տարվա օրինագծի սեփական տարբերակը, որի համաձայն, 68 միլիոն դոլար պետք է հատկացվեր Հայաստանին՝ որպես տնտեսական աջակցություն ԱՄՆ-ի կողմից և 6 միլիոն դոլար՝ որպես անմիջական օգնություն Լեռնային Ղարաբաղին։ Բացի այդ, օրինագծով նախատեսվում է Հայաստանին և Ադբրեջանին հատկացնել 3 միլիոն դոլար՝ որպես ռազմական օգնություն՝ արտաքին ռազմական ֆինանսավորման և 500 հազ. դոլար՝ միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների համար։

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Սենատի կողմից հաստատված այս օրինագծի տարբերակի համաձայն, որպես օգնություն Հայաստանին պետք է հատկացվի 39 միլիոն դոլար, ինչը 4 միլիոնով գերազանցում է նախագահի պահանջը։ Սակայն ԱՄՆ Սենատի օրինագծի մեջ չեն նախատեսվել միջոցներ Լեռնային Ղարաբաղի համար և չի շոշափվել կողմերի հավասարության հարցը ռազմական օգնության հարցում։

2006 թ. հունիսի 29-ին ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների կոմիտեն հավանության է արժանացրել 2007 ֆիսկալ տարում Հայաստանին 58 միլիոն դոլարի ֆինանսական օգնության հատկացումը, ինչը 17 միլիոնով ավելի քիչ է, քան 2006 ֆիսկալ տարում, ինչպես նաև հավանության է արժանացել Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված 5 միլիոն դոլարի հատկացումները՝ որպես հումանիտար օգնություն, ինչը 2 միլիոնով ավելի է 2006 թ. գումարից։-0-