Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել հայկական պանիրների և գինիների ամենամյա համտեսը

14.12.2007, 19:27
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել հայկական պանիրների և գինիների ամենամյա համտեսը
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի է ունեցել հայկական պանիրների և գինիների ամենամյա համտեսը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD)  և ԱՄՆ դեսպանության կազմակերպած՝ գինու և պանրի ամենամյա համտես-երեկոն:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ուրբաթ հայտնեցին դեսպանատան մամուլի ծառայությունից, ամեն տարի այս միջոցառման ժամանակ մանրածախ վաճառք իրականացնողները, ռեստորանային գործով զբաղվողները, տեղացի մատակարարներն ու օտարերկրացիները համտեսում են  հայաստանյան ընկերությունների արտադրած գինիների ու պանրի տեսականին, որոնք նաև աջակցություն են ստացել Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի կողմից:

Այս տարի 7 գինեգործական ընկերություններ ու 10 պանրագործարաններ ներկայացնում էին 17 տեսակի հայկական գինիներ  ու 19 տեսակի տեղական արտադրության պանիրներ:

Համտես-երեկոյին ներկայացված էր  պանրի նոր տեսականի՝ Ռիկոտա, Գաուդա, Պանիր խինկալի,  Տոմի  (այծի պանիր)  և  Ֆետա տիպի  (ոչխարի) պանիրներ: Քաղցր գինիների հետ նաև ներկայացվեց հայկական շոկոլադ:

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը  (CARD)  Հայաստանում բացվել է 2005թ. նոյեմբերի 2-ին։ CARD –ը գործում է երեք ուղղություններով՝ ագրոբիզնես և շուկայագիտություն, գյուղի զարգացում և ֆինանսական ծառայությունների մատուցում։--0—