ՀՀ ԱԺ խոսնակը Իռլանդիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը Իռլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջեֆրի Քիթինգի հետ քննարկել է երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերը:
«Շնորհավորելով Քիթինգին նշանակման առիթով` ԱԺ նախագահը վստահություն հայտնեց, որ դեսպանի գործունեությունը կնպաստի երկու երկրների բարեկամության և համագործակցության զարգացմանը»,- «Նովոստի-Արմենիայի» համար Թորոսյանի խոսքերը մեջբերեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նրա խոսքերով, թեպետ աշխարհագրորեն Հայաստանն ու Իռլանդիան հեռու են միմյանցից, բաց դա, ժամանակակից տեխնոլոգիաների առկայությամբ, չի կարող խոչընդոտ լինել երկկողմանի հարաբերությունների համար:
ԱԺ նախագահը նշել է երկու երկրների նմանությունների մասին, մասնավորապես՝ նշելով պատմական զարգացումներն ու մեծ սփյուռքի առկայությունը:
Նա դեսպանին իրազեկեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Իռլանդիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ` նպատակ ունենալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:
Նկատի ունենալով երկու երկրների տնտեսական զարգացումը վերջին տարիներին` ԱԺ նախագահը ընդգծեց արդեն 2008թ.-ից կոնկրետ ծրագրերի մշակման ու իրականացման հնարավորությունը։
Դրա հետ մեկտեղ, նա նշեց, որ համագործակցությունը կարող է կայանալ թե իբրև Եվրախորհրդի անդամ երկրներ, թե ԵՄ նոր հարևանության ծրագրի շրջանակներում:
Փոխշահավետ համագործակցության ուղղություններ համարվեցին բարձր տեխնոլոգիաները, գիտության ու կրթության ոլորտում փորձի փոխանակումը:
Իր հերթին դեսպան Ջեֆրի Քիթինգը ևս նշեց երկկողմանի հարաբերությունների զարգացման կարևորությունը և վստահեցրեց, որ հնարավորինը կանի` իր նպաստը բերելու միջպետական ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Դեսպանի խնդրանքով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ նաև ընտրական գործընթացներին` մանրամասնելով դրանց օրենսդրական հատվածը։
Մասնավորապես, նա նշեց, որ Ազգային ժողովը վերջին տարիներին ակտիվորեն համագործակցելով Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ` օրինաստեղծ կարևոր աշխատանք է կատարել` համապատասխանեցնելով օրենսդրական դաշտը սահմանադրական փոփոխություններին:
Այդ համատեքստում կարևորվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո կատարվելով` նպատակ ունեն նպաստել հնարավորինս կատարյալ օրենսդրական հիմքերի ստեղծմանը առաջիկա նախագահական ընտրությունները ևս ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն և միջազգային կառույցների բարձր գնահատականին արժանանալուն։
ԱԺ նախագահի խոսքով, դա թույլ կտա հավաստել, որ Հայաստանում ընտրական լավ ավանդույթ է ամրագրվում:--0—