ՀՀ նախագահը ջրային տնտեսության ոլորտում ներդրումային բոլոր հնարավորությունները մոբիլիզացնելու հանձնարարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ջրային տնտեսության ոլորտում ներդրումային բոլոր հնարավորությունները մոբիլիզացնելու հանձնարարական է տվել նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հետ այսօր ունեցած աշխատանքային հանդիպմանը:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ խմելու և ոռոգման ջրի համակարգերում մատուցվող ծառայությունների որակը կարճ ժամկետում և ակնառու կերպով բարելավելու համար անհրաժեշտ է նաև, որ նոր սկսվելիք ներդրումային ծրագրերի նախապատրաստական աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում կատարվեն:
Իր հերթին, Անդրեասյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է ներկայացրել տարեկան գործունեության ամփոփիչ տվյալները, ըստ որոնց` համակարգում ընդհանուր իրավիճակը գնահատվել է բավարար:-0-