ՀՀ խորհրդարանի փոխխոսնակը ԿԸՀ է հանձնել փաստաթղթերը` որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նոովստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեքշաբթի Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել փաստաթղթերը՝ որպես հանրապետության նախագահի թեկնածու գրանցվելու համար, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից։
Այսօրվա դրությամբ բացի Հովհաննիսյանից գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել նաև ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, ընդդիմադիր ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։
Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը ներկայացրել է ինքնառաջադրման սկզբունքով, մյուս բոլոր թեկնածուներին առաջադրել են նրանց ղեկավարած կուսակցությունները։
Փաստաղթերի հանձնման գործընթացը սկսվել է նոյեմբերի 21-ին և ավարտվելու է դեկտեմբերի 6-ին։
Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ --0—