Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը. փորձագետ

22.11.2007, 19:33
Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հեռարձակող ԶԼՄ-ներն արդեն սկսել են նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, կարծում է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

«Այսօր հեռարձակող ԶԼՄ-ները հանդես են գալիս ոչ թե որպես հասարակական բանավեճի միջնորդներ, այլ որպես բանավիճող կողմ, ինչն անընդունելի է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հարությունյանը։

Նրա խոսքերով, նույն այդ ժամանակ հասարակական երկխոսության մյուս կողմերը չեն կարող մասնակցել բանավեճին, որոնք վարում են հեռարձակող ԶԼՄ-ները։

Դրա հետ մեկտեղ Հարությունյանը բացասական է համարում այն փաստը, որ Հայաստանում փաստորեն չկա նախընտրական քարոզարշավի և քաղաքական գովազդի իրավական ձևակերպում։ «Մենք չունենք «քաղաքական գովազդ» հասկացություն, ոչ մի օրենքում հնարավոր չէ հանդիպել նման սահմանման։ Հին օրենքը կարգավորում է միայն առևտրային գովազդը»,- ընդգծեց ԵՄԱ փորձագետը։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ Նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին արդեն հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ և «ԱԼՄ» մեդիա-հոլդինգի տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։ --0—