Հայաստանի հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում ընտրողների անձնագրերի դրոշմումը

22.11.2007, 19:22
Հայաստանի հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում ընտրողների անձնագրերի դրոշմումը
Հայաստանի հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում ընտրողների անձնագրերի դրոշմումը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հասարակական կազմակերպությունները անհրաժեշտ են համարում  ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերի դրոշմումը։

«Այս դրույթը թույլ կտա կանխել չարաշահումները, որոնք կարող են առաջանալ այն հանգամանքից, որ ընտրությունների օրը իրենց գրանցման վայրում բացակայող քաղաքացիները իրավունք են ստանում քվեարկել իրենց գտնվելու վայրում»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը։

Նրա կարծիքով, անձնագրում դրվող դրոշմը թույլ կտա խուսափել ընտրություններին կրկնակի քվեարկությունից։

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն ավելացրեց, որ դրոշմելը «ավելի առողջ գաղափար է, քան մատներին թանաք քսելը»։

Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների մասին օրինագծի նախնական տարբերակում նախատեսվում էր անձնագրերի դրոշմումը՝ ընտրությունների ժամանակ։ Դա պնդում էր ՀՅԴ-ն, որն առաջարկում էր տվյալ փոփոխությունը մտցնել՝ ընտրությունների վերահսկողությունը բարձրացնելու և խախտումները բացառելու նպատակով։

Սակայն օրինագծի վերջնական փոփոխությունների ընդունման ժամանակ այս դրույթը հանվեց, քանի որ ընդդիմախոսները դա համարեցին մարդու իրավունքների խախտում։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  նոյեմբերի 17-ին ստորագրել է Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական Օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սահմանադրական Դատարանի մասին», «Հեռուստատեսության և Ռադիոյի մասին», «Իրավական ակտերի մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքները: 

Փոփոխությունների համաձայն, մեծացվում են քաղաքացիների ընտրական իրավունքնեը։ Մասնավորապես, իրենց գրանցման վայրից քվեարկության օրը բացակայող քաղաքացիները իրավունք են ստանում քվեարկել ըստ գտնվելու վայրի։ 

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, փոփոխությունների հիմնական նպատակն է վերացնել այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նախագահական ընտրությունների շեմին  կատարելագործել ընտրական օրենսդրությունը։ --0—