Գենդերային ստերեոտիպերը խանգարում են կանանց ակտիվ մասնակցությանը Հայաստանի քաղաքական գործընթացներում. ԵԱՀԿ

15.11.2007, 17:43
Գենդերային ստերեոտիպերը խանգարում են կանանց ակտիվ մասնակցությանը Հայաստանի քաղաքական գործընթացներում. ԵԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Գենդերային ստերեոտիպերը խանգարում են կանանց ակտիվ մասնակցությանը Հայաստանի քաղաքական գործընթացներում։ Հինգշաբթի այսպիսի կարծիք հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարության զարգացման ծրագրի պատասխանատու Սվեն Գոլդարը՝ ներկայացնելով «Կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանի 2007թ. խորհրդարանական ընտրություններին» ուսումնասիրության արդյունքները։

«Ուսումնասիրության արդյունքների համաձայն, ընտրական գործընթացների թերությունները, գենդերային ստերեոտիպերը, քաղաքական փորձի և ֆինանսական ռեսուրսների բացակայությունը խոչընդոտում են կանանց ակտիվ մասնակցությանը Հայաստանի քաղաքական գործընթացներում»,- ասաց նա։

Գոլդարի խոսքերով, քաղաքականության մեջ կանանց ակտիվ մասնակցությանը խանգարում է նաև նրանց ցածր ինքնագնահատականը և հասարակության ավանդական արժեքները։

«Մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով ՀՀ խորհրդարանի պատգամավորների միայն 9 տոկոսն են կանայք։ Սա առաջընթաց է, սակայն չի երաշխավորում, որ Հայաստանի բնակչության մեծամասնություն կազմող կանանց ձայնը տեղ կհասնի»,- ասաց ԵԱՀԿ ներկայացուցիչը։

Գոլդարը տեղեկացրեց, որ հետազոտությունները նաև կուսակցություններին առաջարկում են որոշակի մեխանիզմներ՝ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ընդլայնելու համար, մասնավորապես, կին-մասնագետների վերապատրաստում և կանանց համար ընտրացուցակներում քվոտայի բարձրացում՝ առնվազն մինչև 25 տոկոս։

Բացի այդ նա նշեց, որ ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը մտադիր է մի շարք ծրագրեր և միջոցառումներ իրագործել՝ քաղաքականության մեջ կանանց ակտիվությունը բարձրացնելու նպատակով։ 

Իր հերթին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմա Հասրաթյանը նշեց, որ այս հետազոտության նպատակն է քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության խրախուսումը։

Նրա խոսքերով, կանանց քաղաքական մասնակցությունը և գենդերային հավասարությունը ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներն են։

«Այս տեսակետից անհրաժեշտ է արմատախիլ անել խտրականությունը, ինչը կարևոր պայման է՝ Հայաստանի կողմից միջազգային կառույցների առջև ստանձնած պարտավորությունների կատարման համար»,- ասաց Հասրաթյանը։

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիոցիայի իրականացրած հետազոտությունն ուսումնասիրում է կանանց կարգավիճակը Հայաստանի քաղաքական դաշտում, նրանց ներգրավվածությունը ընտրական, նախընտրական և հետընտրական գործընթացներում և ԶԼՄ-ների լուսաբանման մեջ։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2007թ. մայիսի 12-ին։ --0—