Երևանը վրդովված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունից

Երևանը վրդովված է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Խազար Իրբահիմի հայտարարությունից, որը մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ ղարաբաղյան դիմակայության մեջ առկա է կրոնական գործոնը, հայտարարել է, թե «Հայաստանը փորձում է քողարկել իր օկուպացիոն քաղաքականությունը կրոնական շղարշով»։
«Շատ դժվար է դա որակել որպես մեկնաբանություն: Զավեշտական է նաև, որ տեղական լրատվամիջոցի կողմից օրերս ստախոսության մեջ մերկացված պաշտոնյան, ով նաև կրում է դիվանագիտական կոչում, փորձ է անում դատողություններ անել հարևան պետության ղեկավարներից մեկի գնահատականների վերաբերյալ», - ասվում է երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած՝ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հայտարարության մեջ։
ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ժառանգել է ոչ միայն իր նախորդի ոճն ու մեթոդները, այլև իր ղեկավարության բարոյական կեցվածքը:
«Կարծես թե նման ոճը ավանդական է դարձել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Թերևս ավելին սպասել չէր կարելի մի երկրից, ուր քաղաքական մակարդակի է բարձրացվել ազգային փոքրամասնությունների և նրանց մշակութային ժառանգության նկատմամբ անհանդուրժողականությունն ու կույր ատելությունը: Ասվածի օրինակները բազմաթիվ են` ներառյալ պատերազմի ամենօրյա սպառնալիքները», - նշել է Կարապետյանը։
Միաժամանակ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի համար կրոնական հանդուրժողականությունը, հարևան պետությունների հետ համագործակցությունը «դատարկ խոսքեր չեն, այլ` համատեղ անցյալ, առօրյա կյանք, ամենօրյա հարաբերություններ և միասնական ապագա»։
Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտարարել է, որ երբեք չի խոսել այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը կրոնական հիմք ունի կամ էլ, թե ընթանում է պայքար կրոնների միջև։
Նա նշել է, որ Los-Angeles Times թերթին տված հարցազրույցի ժամանակ ասված իր խոսքերը սխալ են մեկնաբանվել և ներկայացվել են որպես «կրոնական պայքար»՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում։
Միաժամանակ, նա ավելացրել է, որ ղարաբաղյան պայքարում առկա է կրոնական գործոնը։ «Ես միշտ դա ասել եմ, և եթե այդ գործոնը բացակայում է, ապա ինչու՞ են ոչնչացնում մեր մշակութային կոթողները, ինչու՞ են հայ ազգին պատկանելու համար այրել խարույկի վրա, ընդ որում՝ անցած դարի ոչ միայն սկզբում, այլև վերջում։ Անկասկած է, որ եթե ինչ-որ մեկը հայտարարում է, թե այստեղ չկա կրոնական գործոն, ապա դա նրա խնդիրն է», - ասել է Սարգսյանը։-0-