Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա Թուրքիային՝ ազատվել հոգեբանական բարդույթներից. ՀՀ ԱԺ խոսնակ

1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա Թուրքիային՝ ազատվել հոգեբանական բարդույթներից, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։
«1915 թ. իրադարձությունների ճշմարտության գիտակցումն առաջին հերթին հենց Թուրքիային է պետք` հոգեբանական բարդույթներից ազատվելու համար», - հայտարարել է Թորոսյանը՝ երկօրյա այցով Երևան ժամանած Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի հետ չորեքշաբթի ունեցած հանդիպման ժամանակ։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով տարածաշրջանային փոխհարաբերությունների մասին՝ Թորոսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր չորս հարևանների հետ նորմալ համագործակցություն ունենալ (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան - «Նովոստի-Արմենիա»), բայց չորս հարևաններից երկուսի հետ իրապես հիանալի հարաբերությունների առկայությամբ (Իրան, Վրաստան – «Նովոստի-Արմենիա»)` խնդիրներ կան երկու հարևանների հետ:
Մասնավորապես, ընդգծել է Թորոսյանը, Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր հարաբերությունների հաստատման նախապայմաններ է դնում և փակ է պահում սահմանը: Նախապայմանները վերաբերում են ցեղասպանության խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Թեպետ ցեղասպանությունը մի քանի տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են, բայց Թուրքիան շարունակում է հերքել պատմական փաստերը և Հայաստանից պահանջում է ազդել հայկական սփյուռքի վրա` այդ գործընթացը կանգնեցնելու նպատակով», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։
Նա նաև անընդունելի է անվանել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Թուրքիայի նախապայմանը, որովհետև «երկու պետությունների փոխհարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ պետությանը վերաբերող խնդրով»:
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է՝ հրաժարվել Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, որի ժամանակ ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ։
Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիան ադրբեջանամետ դիրք է գրավում։
Անկարայի նախաձեռնությամբ 1993 թ.-ից շարունակվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի շրջափակումը՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի տնտեսությանը հասցնելով 500 միլիոն դոլարի վնաս։--0—