Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարն ուսումնասիրում է Հայաստանում «քաղբանտարկյալների» հետ կապված իրավիճակը
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը նախօրեին հայտարարել է, որ ուսումնասիրում է Հայաստանում «քաղբանտարկյալների» հետ կապված իրավիճակը։
Ինչպես նշեց Դևիսը Երևանի պետհամալսարանի ուսանողների հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի չորս քաղաքական գործիչներին, որոնք ներկայումս կալանված են։
Նա նշեց, որ ուսումնասիրում է այդ իրավիճակը և մտադիր չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել, առավել ևս, որ երբեմն մարդիկ, որոնց կոչում են քաղբանտարկյալ, պարզապես քաղաքական գործիչներ են, որոնք գտնվում են կալանքի մեջ։
«Ես չեմ պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, բայց այն բանից հետո, երբ կուսումնասիրեմ այդ գործի մանրամասները, անպայման դրանց արդյունքները կքննարկեմ Հայաստանի իշխանությունների և ընդդիմադիր գործիչների հետ»,-ասաց Դևիսը։
Ավելի վաղ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, մեկնաբանելով ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների՝ կալանքի տակ գտնվող նախկին ԱԳՆ նախարար Ալեքսանդր Արզումանյանի, «Հայ կամավորների համախմբում» հասարակական կազմակերպության ակտիվիստներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի նկատմամբ խափանման միջոցը վերանայելու խնդրանքը, հայտարարել էր, որ այսօր Հայաստանում չկան քաղբանտարկյալներ։
Ինչպես հայտարարել էր խոսնակը, միայն սեփական ցանկությունից ելնելով կամ օդից վերցված փաստարկներով երկրում քաղբանտարկյալների առկայության մասին խոսել չի կարելի։–0—