Հայ ոստիկանների աշխատավարձը 2008թ.-ին կբարձրանա 10%-ով

01.11.2007, 19:50
Հայ ոստիկանների աշխատավարձը 2008թ.-ին կբարձրանա 10%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2008թ.-ին հայ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա 10%-ով։ Այս մասին հինգշաբթի խորհրդարանում 2008թ. պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնեց Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը։

«Հայաստանի Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի հիմնադրամը 2008թ.-ին կկազմի 13,6 մլրդ. դրամ ($42 մլն.), ինչը 16,2%-ով գերազանցում է 2007թ. ցուցանիշը։ Դա պայմանավորված է Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձի փաստացի 10% աճով»,-տեղեկացրեց նա։

Նա ընգծեց, որ Ոստիկանության բարձրագույն և գլխավոր անձնակազմի աշխատավարձը չի բարձրացվի և կմնա  ներկա, համապատասխանաբար, 357,3 հազ. 322 և 163,7 հազ. դրամի մակարդակին։

«Ավագ անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 12 հազ. դրամով և 2008թ.-ին կհասնի 138,5 դրամի, միջին անձնակազմինը՝ 104 հազ. դրամ (աճ՝ 10 հազ. դրամով), կրտսեր անձնակազմինը՝ 59,8 հազ. դրամ (աճ՝ 5,3 հազ. դրամով)»,-հավելեց Սաֆարյանը։

Իր հերթին Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը հավելեց, որ հայ ոստիկանների աշխատավարձը ցածր է և չի բավարարում նրանց և նրանց ընտանիքի անդամների անձնական կարիքների բավարարմանը։

«Ոստիկաններն աշխատում են օր ու գիշեր, բայց չեն կարողանում արժանապատվորեն պահել իրենց ընատնիքները»,-ասաց նա։

Հայաստանի Ոստիկանության մարմինների ֆինանսավորմանը 2008թ. պետբյուջեի նախագծով հատկացվել է 21 մլրդ. դրամ, ինչը 1,9 մլրդ. դրամով գերազանցում է 2007թ. ցուցանիշը։

Խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը ներկայացված Հայաստանի 2008թ. պետբյուջեի նախագծի համաձայն, բյուջեի եկամտային մասը կազմում է 744,7 մլրդ. դրամ, ծախսայինը՝ 820,8 մլրդ. դրամ՝ բյուջեի 76 մլրդ. դրամ դեֆիցիտի պայմաններում։ ՀՆԱ-ի աճի ցուցանիշը ծրագրված է 10%-ի մակարդակով, մինչդեռ 2007թ.-ին 11% էր։--0--