ՀԺԿ առաջնորդը կոչ է անում հայկական ընդդիմությանը միավորվել՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար

26.10.2007, 19:27
ՀԺԿ առաջնորդը կոչ է անում հայկական ընդդիմությանը միավորվել՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճանը կոչ է անում ընդդիմությանը միավորվել՝ 2008թ. նախագահական ընտրություններում հաղթելու համար։

«Այսօր Հայաստանի նախագահի ոչ մի թեկնածու հեռանկար չունի առանց միավորվելու, նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական մասնակցությանն այլընտրանք չկա։ Մենք չենք կարող հաջողության հասնել այլ միջոցով»,-հայտարարեց Դեմիրճյանը՝ ելույթ ունենալով մոտ մեկ ժամ առաջ Երևանում սկսված ընդդիմության հանրահավաքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը դեպքի վայրից։

Նրա կարծիքով, ընդդիմության միասնական մասնակցությունը նախագահական ընտրություններին քաղաքական պահանջ է, որը պետք է բավարարվի։

«Գործող իշխանությունները, վարչական լծակների օգտագործման և քաղաքական կաշառքների միջոցով, ձևավորել են իրենց լիովին հնազանդ խորհրդարան և հիմա պատրաստվում են նախագահական ընտրություններին»,-նշեց ՀԺԿ ղեկավարը։

Դեմիրճյանը պնդում է, որ ներկայումս իշխանություններն իրականացնում են կեղծված սոցհարցումներ և փորձում են ժողովրդին համոզել, որ իշխանության թեկնածուին այլընտրանք չկա։

«Համակերպվել այդ մտքի հետ, նշանակում է համակերպվել գործող համակարգին, երկակի չափանիշներին, երկրում տիրող ամենաթողության մթնոլորտին, այսինքն, վիրավորել ժողովրդին»,-կարծում է նա։

Դեմիրճյանը պնդում է, որ դրա այլընտրանքը ընդդիմության՝ որպես միասնական ուժի միավորումն է և ժողովրդավարական երկրում ապրելու ցանկությունը։

Նա ընգծեց, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող միայնակ երկիրը ճգնաժամից դուրս բերել։ «Պետք է միասնական ճակատ լինի և պատասխանատվության գիտակցում։ Երկիրը ճգնաժամից կարող են հանել միայն օրինական ընտրված իշխանությունները՝ ժողովրդի հետ միասին»,-ընգծեց Դեմիրճյանը։

Երևանի կենտրոնում այս պահին տեղի է ունենում ընդդիմության մեծաքանակ հանրահավաք՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, որը գրեթե տասնամյա լռությունից հետո առաջին անգամ է մասնակցում հանրային միջոցառման։

Հանրահավաքը կազմակերպել են ՀՀՇ-ն, ՀԺԿ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը, աջակիցների թվում են՝ «Իմպիչմենտ» դաշինքը, Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը։--0--