Իրաքի հյուսիսում ծրագրվում է ստեղծել եզդիական ինքնավարություն

04.10.2007, 16:47
Իրաքի հյուսիսում ծրագրվում է ստեղծել եզդիական ինքնավարություն

Իրաքի հյուսիսում ծրագրվում է ԱՄՆ-ի հովանավորությամբ ստեղծել եզդիական ինքնավարություն, հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Աշխարհի եզդիների ազգային միության  նախագահ Ազիզ Թամոյանը։

«Իրաքում եզդիական ինքնավարության ստեղծման մասին հարցը իրաքյան խորհրդարանում բարձրացրել է եզդիների ներկայացուցիչը, և նրան հաջողվել է այդ հարցի շուրջ երկրի կառավարության հետ համաձայնության գալ»,-ասաց նա։

Թամոյանի կարծիքով, Իրաքում ինքնավարության ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ Հյուսիսային Իրաքում բնակվող եզդիներին ոչնչացում է սպառնում։

Ավելի վաղ Աշխարհի եզդիների ազգային միությունը բազմիցս կոչ է արել միջազգային կառույցներին և ողջ առաջադեմ մարդկությանը՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել, քանի որ նրանց անգործության դեպքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործություները կշարունակվեն։ Միության ղեկավարությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հայաստանի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ կոչ անելով պաշտպանել եզդի ժողովրդին Իրաքում։

Եզդի է կոչվում քրդերի մի մասը, որն առանձնահատուկ հավատք ունի։ Հիմնականում բնակվում են Իրաքում։ Եզդիների կրոնը պարունակում է հեթանոսության, հին հնդիրանական հավատալիքների, հուդայականության, քրիստոնեության և իսլամի տարրեր։

Հայաստանում, որտեղ բնակվում է շուրջ 60 հազ. եզդի, տպագրվում է եզդիական թերթ և հեռարձակվում է ռադիոհաղորդում։ Հայաստանի մի շարք դպրոցներում ուսուցումը կատարվում է նաև եզդիերենով։—0--