Հայաստանը պատրաստ է մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում հումանիտար համագործակցության զարգացման գործընթացին

03.10.2007, 18:28
Հայաստանը պատրաստ է մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում հումանիտար համագործակցության զարգացման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պատրաստակամ է ներգրավվելու ԱՊՀ անդամ-պետությունների միջև հումանիտար  համագործակցությանն ուղղված բոլոր նախաձեռնություններում, հայտարարել է  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝  ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության  խորհրդի նախագահ, ՌԴ նախագահի օգնական Ջահան Պոլլիևայի գլխավորությամբ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սարգսյանը ողջունեԼ է Երևանում հումանիտար համագործակցության հարցերին նվիրված համաժողովի անցկացման նախաձեռնությունը՝ նշելով, որ հայ ժողովուրդը միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել գրի ու գրականության, արվեստի և մշակույթի նկատմամբ:

«Այդ է պատճառը, որ այսօր Հայաստանը պատրաստակամ է ներգրավվելու հումանիտար  համագործակցությանն ուղղված նմանօրինակ բոլոր նախաձեռնություններում»,- ընդգծել է վարչապետը՝ խորհրդանշական համարելով, որ  ներկա համաժողովը համընկել է Հայաստանում հոկտեմբերին ավանդաբար նշվող Թարգմանչաց տոնի հետ:

ՀՀ վարաչպետը նշեց, որ հոգևոր-մշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդների ու պետությունների միջև հումանիտար կապերի զարգացման և ամրապնդման համար միայն մեծ ցանկություն և կամք է հարկավոր: Նրա կարծիքով, պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ նպատակին ուղղված յուրաքանչյուր միջոցառում արձագանք գտնի ժողովուրդների ու պետությունների կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համաժողովին  ու առհասարակ, Հումանիտար համագործակցության խորհրդի և հիմնադրամի աշխատանքներին հայկական կողմի բարձր մակարդակով մասնակցության համար, տիկին Պոլլիևան ընդգծել է, որ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության հարցերով խորհրդի և միջպետական հիմնադրամի ստեղծումից հետո, գործունեության կարճ ժամանակահատվածում, անցկացված  նիստերում, կարևոր փաստաթղթեր են ընդունվել 2007-2008թթ. հումանիտար համագործակցության բնագավառում առաջնահերթ միջպետական միջոցառումների անցկացման նախնական պլանի, հումանիտար համագործակցության հիմնադրամի գործունեության ծրագրի վերաբերյալ, որի շրջանակներում էլ հոկտեմբերի 3-5 Երևանում տեղի է ունենում «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովը:

Պոլլիևան նշել է, որ ԱՊՀ անդամ պետությունները հումանիտար ոլորտում ունեն ընդհանուր հետաքրքրություններ և հայացքներ, կա համագործակցության նպաստավոր դաշտ, «անհրաժեշտ է պարզապես համախմբել և համակարգել ջանքերն այդ ուղղությամբ»: Պոլլիևան նաև նշել է, որ, առաջիկայում Աստանայում անցկացվելիք ԱՊՀ  երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության երկրորդ համաժողովն ուղղվելու է հենց այդ նպատակին՝ ավելացնելով, որ ակնկալում է հայկական կողմի ակտիվ մասնակցությունը այդ կարևոր միջոցառմանը ևս:

Հանդիպման ժամանակ կարևորելով գիտության, կրթության ու մշակույթի դերը ժողովուրդների միջև հոգևոր կապի և բարեկամության ամրապնդման գործում, կողմերն ընդգծել են, որ դա նաև լավ հիմք է համագործակցող պետությունների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Պատվիրակությունը, որի կազմում են  Հումանիտար համագործակցության խորհրդի անդամ, Ղազախստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Դյուսեն Կասեինովը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նախագահ, ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի հարցերով դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 3-5-ը Երևանում անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների «Թարգմանությունը որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ» թեմայով համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հումանիտար համագործակցության խորհրդի անդամ, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, ՀՀ մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը: --0—