Հայաստանը առողջապահության և իմունացման ծրագրերին աջակցող միջազգային գործընկերության բացառիկ օրինակ է. ԱՀԿ

01.10.2007, 15:54
Հայաստանը առողջապահության և իմունացման ծրագրերին աջակցող միջազգային գործընկերության բացառիկ օրինակ է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանը առողջապահության և իմունացման ծրագրերի աջակցության միջազգային գործընկերության բացառիկ օրինակ է, երկուշաբթի հայտարարեց Երևանում ԱՀԿ եվրոպական բյուրոյի Եվրոպական տարածաշրջանում կարմրուկի վերացման ծրագրի գծով համակարգող Սերգեյ Դեշևոյը՝ հանրապետությունում կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի արշավի մեկնարկի հանդիսավոր արարողության ժամանակ։

«Գործընկերների այն դաշինքը, որն այսօր ձևավորվել է Հայաստանում, կարող է օրինակ ծառայել շատ երկրների համար»,- ասաց նա։

Դեշևոյի խոսքերով, այսօր աշխարհի և Եվրոպայի տնտեսապես զարգացած առաջատար երկրների օգնությամբ ստեղծվել է  իմունացման ծրագրերի աջակցության նոր ֆինանսական մեխանիզմ, որն ավելի քան 160 մլրդ. դոլար է հատկացրել ամբողջ աշխարհում իմունացման ծրագրերի համար։

«Հայաստանը հնարավորություն ունի հիմնադամից որպես աջակցություն մոտ 2 մլն. դոլար ստանալ՝ պատվաստանյութեր գնելու և պատվաստման աշխատանքներն ապահովելու համար»,-տեղեկացրեց նա։

Միաժամանակ ԱՀԿ ներկայացուցիչն ավելացրեց, որ Հայաստանը միացել է այն երկրների բավականին երկար ցանկին, որոնք արդեն իրականացրել են այդ արշավը և վերջակետ են դրել այդ հիվանդությունների դեմ պայքարի պատմության մեջ, ինչի շնորհիվ վերջին 6-7 տարիների ընթացքում գրեթե 15 միլիոն մարդ է պատվաստվել։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարության Իմունացման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ արշավի նյութա-տեխնիկական կողմի ապահովման և բժշկակական անձնակազմի աշխատանքների համար տրամադրվել է մոտ 1,5 մլն. դոլար, և դա դեռ վերջնական գումարը չէ, բարեգործական դրամական մուտքերը մշտապես ավելանում են։

«Նպատակային մարդկանց խումբը ճշտելուց հետո կարելի է հաստատել, որ Հայաստանում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվելու է 6-27 տարեկան 1,1 մլն. մարդ»,- ասաց նա։ Սահակյանը նաև տեղեկացրեց, որ պատվաստումների համար հակացուցված դեպքերը շատ չեն։

«Կարմրուկի կամ կարմրախտի դեմ պատվաստումները չեն կարող ստանալ ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով հիվանդները, ուռուցքային հիվանդները՝ վառ արտահայտված ախտանշաններով, ինչպես նաև այն մարդիկ, որոնք երբևէ անաֆիլակտիկ շոկ են տարել»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ավելացրեց, որ որոշում է ընդունվել՝ չպատվաստել հղի կանանց, թեև  ԱՀԿ վկայությամբ, պատվաստանյութը որևէ ազդեցություն չի ունենում  պտղի վրա։

«Ալերգիկ հակազդեցությունները չեն մտնում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստումների հակացուցումների ցուցակի մեջ»,- ասաց Սահակյանը։

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 13-ը տեղի է ունենում համաեվրոպական արշավ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ. հունիսի 28-ին հաստատված  «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ. համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։

Արշավը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի և ԱՄՆ Պետվարչության համագործակցությամբ։ --0—