Երևանի լեզվաբանական պետական համալսարանը նշել է Լեզուների եվրոպական օրը
Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (ԵԼՊՀ) ուրբաթ տեղի ունեցավ «Երիտասարդությունը խոսում է տարբեր լեզուներով» միջոցառումը, որը նվիրված էր Լեզուների եվրոպական օրվան։
«Այսօրվա միջոցառումը երրորդն է այս շաբաթվա ընթացքում, որ անցկացվում է մեր համալսարանում. առաջինը պատրաստել էին իրենք՝ ուսանողները, իսկ երկրորդը՝ օտար լեզուների դասավանդման դասախոսության և մեթոդիկայի բաժինը»,-հայտնեց ԵԼՊՀ ռեկտորի օգնական Տաթև Հակոբյանը։
Այս կապակցությամբ նա հավելեց, որ սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր եվրոպական երկրում կանցկացվեն Լեզուների եվրոպական օրվան նվիրված տարբեր միջոցառումներ։
«Մեր համալսարանի համար այդ Օրը տոնելն արդեն բարի ավանդույթ է դարձել։ Մեր համալսարանում դասավանդվում են 16 օտար լեզուներ, որոնցից 15-ով այսօր հնչեցին ուսանողների ելույթները»,-նշեց Հակոբյանը։
Լեզուների եվրոպական օրը տոնվում է Եվրախորհրդի նախաձեռնությամբ 2000-ից, նրա հիմնական նպատակն է խրախուսել Եվրոպայի բնակիչներին լեզուներ սովորել։ ԵԼՊՀ-ում Լեզուների եվրոպական օրը նշվում է 7-րդ տարին։--0—