Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեաթերթիկի ձևը` օգոստոսի 26-ի խորհրդարանական կրկնակի ընտրությունների համար

21.08.2007, 17:29
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է քվեաթերթիկի ձևը` օգոստոսի 26-ի խորհրդարանական կրկնակի ընտրությունների համար

 Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեքշաբթիի նիստում հաստատեց 15-րդ ընտրատարածքում մեծամասնական համակարգով կայանալիք խորհրդարանական կրկնակի ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

Ինչպես նիստում հաղորդեց ԿԸՀ քարտուղար Աբրամ Բախչուգուլյանը, տվյալ ընտրատարածքում առաջադրվել է պատգամավորության վեց թեկնածու, որոնցից երեքն առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ։ «Ժառանգություն» կուսակցությունից իր թեկնածությունն է առաջադրել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից՝ Գուրգեն Շահինյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Խաչիկ Մանուկյանը։

2007թ. մայիսի 12-ի ընտրություններում այդ տարածքում հաղթած գործարար Խաչիկ Մանուկյանը հունիսի 6-ին հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ՝ 15-րդ ընտրատարածքի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Մանուկյանը դա բացատրել է տարածված լուրերով, թե իբր այդ տարածքում  ընտրություններն անցել են խախտումներով և ձայների չնչին տարբերությամբ։

Հունիսի 11-ին ԿԸՀ-ն արտահերթ նիստում 15-րդ ընտրատարածքում մեծամասնական համակարգով կրկնակի ընտրությունը նշանակեց օգոստոսի 26-ին։

Հայաստանի կառավարությունը 15-րդ ընտրատարածքում ընտրության կազմակերպման և անցկացման համար տրամադրել է 21,8 մլն. դրամ (շուրջ 65 հազ. ԱՄՆ դոլար)։--0—