Հայաստանը և Թուրքիան պետք է երկխոսության համար օգտագործեն խորհրդարանական դիվանագիտությունը. կարծիք

Հայաստանը և Թուրքիան պետք է օգտագործեն խորհրդարանական դիվանագիտությունը` երկխոսություն սկսելու համար։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտարարեց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՀՔԴՄ) կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։
«Հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման ներուժը չի սպառվել, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտությունը մեծ հեռանկարներ ունի», - ասաց նա։
Հարությունյանի խոսքերով, երկու երկրների խորհրդարանները կարող են ավելի լայն երկխոսություն ծավալել։ «Ոչ մի նախարար կամ նախագահ չի կարող նման երկխոսություն նախաձեռնել, քանի որ նրանք գործում են հրահանգների համաձայն, և նրանց խոսքերը քաղաքականություն են ձևավորում։ Իսկ պատգամավորները քաղաքական կարծիք են արտահայտում, ոչ թե քաղաքականություն, բայց այդ կարծիքը թույլ է տալիս ազգերին՝ մերձենալ միմյանց», - կարծում է նա։
Այս կապակցությամբ ՀՔԴՄ առաջնորդը նշեց, որ չի օգտագործվել այնպիսի կարևոր ինստիտուտ, ինչպիսին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական համաժողովն է։ «ԵԽԽՀ հովանու ներքո կարելի է երկխոսություն հաստատել թուրք քաղաքական շրջանակների հետ, ինչը հենակետ կդառնար գործադիր իշխանության համար՝ միմյանց ընդառաջ քայլեր կատարելու իմաստով», - ասաց նա։
Միաժամանակ, Հարությունյանն ավելացրեց, որ Հայոց ցեղասպանության հարցը չի կարող դուրս գալ Հայաստանի արտաքին քաղաքականության քաղաքական օրակարգից, սակայն հարցն այն է, թե ինչ դեր պետք է ունենա ցեղասպանության խնդիրը՝ հայ-թուրքական հարաբերություններում։
«Հայ-թուրքական հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն, և դրանք պետք է դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից, այսինքն, ցեղասպանության ճանաչումը հետաքրքրություն է ներկայացնում՝ երկարատև անվտանգություն ապահովելու համատեքստում, բայց այդ նպատակին հասնելու համար չի կարելի բարդացնել երկխոսությունը։ Միմյանց մեջքով կանգնելով՝ խնդիրները չեն լուծվի, այդ պատճառով պետք է շփվել», - ասաց ՀՔԴՄ առաջնորդը։
Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը մտնում է տարածաշրջանային շահերի շրջանակի մեջ, բայց, դժբախտաբար, այդ հարաբերությունների լարվածությունը Թուրքիան օգտագործում է շրջափակման և տարածաշրջանում սեփական ազդեցության պահպանման համար։ --0—