Երևանում նոր անցումների շինարարությունը տնտեսապես հիմնավորված չէ. փորձագետ

11.07.2007, 15:50
Երևանում նոր անցումների շինարարությունը տնտեսապես հիմնավորված չէ. փորձագետ
Երևանում նոր անցումների շինարարությունը տնտեսապես հիմնավորված չէ. փորձագետ

Նոր վերգետնյա և ստորգետնյա անցումների շինարարությունը Հայաստանի մայրաքաղաքում տեխնիկա-տնտեսական հիմնավորում չունի, կարծում է տրանսպորտային հոսքերի կարգավորման մասնագետ Ալեքսանդր Սահակյանը։

Ինչպես նա հայտարարեց չորեքշաբթի «Երևանի տրանսպորտային խնդիրները և  հնարավոր լուծումները» համաժողովի ժամանակ, քաղաքապետարանի  նախաձեռնած՝ կենտրոնական փողոցների շինարարական աշխատանքները նպատակահարմար չեն, քանի որ ոչ թե կհեշտացնեն, այլ հակառակը՝ կդժվարացնեն տարնսպորտի երթևեկությունը՝ ստորգետնյա և վերգետնյա թունելների պատճառով։

Սահակյանի կարծիքով, խնդիրը հնարավոր էր լուծել լուսացույցների համաժամանակյա աշխատանքով։ «Դա թույլ կտար խնայել այժմ ծախսվող հսկայական միջոցները և խուսափել փորփրված ճանապարհներից», - ասաց նա։

Կառավարության որոշմամբ, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել մի շարք խոշոր հիմնարար ծրագրեր, մասնավորապես, ստորգետնյա և վերգետնյա անցումների կառուցում՝ Վարդանանց-Խանջյան, Նալբանդյան-Իսահակյան-Ալեք Մանուկյան խաչմերուկներում, Կենդանաբանական այգու դիմաց՝ Մյասնիկյան պողոտայում։

Անցումների շինարարությունն իրականացվում է ողջ քաղաքում՝ գլխավոր հատակագծի շրջանակներում։ Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից՝ 2005թ.-ին, իսկ նրա իրագործումը նախատեսված է ավարտել մինչև 2020թ.-ը։

Մասնավորապես, գլխավոր հատակագծով ծրագրվում է մեծացնել քաղաքի կանաչապատ տարածքները, կառուցել երկու նոր պողոտա՝ Հյուսիսային և Գլխավոր, այլընտրանքային ճանապարհներ, ինչպես նաև իրականացնել մայրաքաղաքի համայնքների  գոտևորումը։ --0—