Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա. ԱԳՆ

06.07.2007, 18:57
Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա. ԱԳՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման ձգձգումը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին ուրբաթ  Երևանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը՝ «Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը» զեկույցի ժամանակ։ Այն ներկայացվեց ՌԻԱ Նովոստիի կողմից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ հուլիսի 1-ից 8-ը կազմակերպած Ամառային դպրոցի շրջանակներում։

«Կոնգրեսում այդ հարցի դիտարկման ողջ ընթացքը, որոշ կոնգրեսականների վետոն, ինչպես նաև այն, որ վարչությունը չի հանում առաջարկված թեկնածությունը, կարող է վատ անդրադառնալ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»,- ասաց նա։

Կիրակոսյանը նշեց, որ ներկայում հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են բնականոն հունով։

«Մեր միջև ստեղծվել են նորմալ քաղաքական հարաբերություններ, կա տնտեսական համագործակցություն, մենք մասնակցում ենք 235 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գյուղական շրջաններում աղքատության դեմ պայքարի ծրագրին, երկրների միջև գործում է միջպետական խորհուրդը, որը հավաքվում է տարին երկու անգամ և համագործակցում երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներում»,- ընգծեց նա։
 
Արման Կիրակոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցը կլուծվի մոտ ապագայում։

Նախագահ Բուշի կողմից այդ պաշտոնին ԱՄՆ կոնգրեսի հաստատմանը ներկայացված Ռիչարդ Հոգլանդի թեկնածության ընդունումը հայկական լոբբիի և սենատոր Ռոբերտ Մենենդեյզի ջանքերով կասեցվել է։

2007-ի հունվարի 10-ին սենատոր Մենենդեյզը երկրորդ անգամ կասեցրեց նույն անձի թեկնածության հաստատումը։

ԱՄՆ հայկական համայնքը դեմ է Հոգլանդի թեկնածությանը, որովհետև նա, պատասխանելով սենատորների հարցերին, խուսափել է Թուրքիայում 1915-ին տեղի ունեցած հայերի ցեղասպանության ճանաչումից։

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի պարտականությունների կատարումը Հայաստանում ժամկետից շուտ կասեցվեց դեռևս 2006-ի սեպտեմբերին։ Դեսպանի հետկանչման պատճառը, հայկական մամուլի և հասարակության կարծիքով, նրա կողմից Եղեռնի փաստի ճանաչումն էր, ինչի մասին նա բազմիցս էր հայտարարել ։--0—