Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ պահանջներ է պարունակում. Փաշինյան

31.08.2024, 16:01
Խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրի դրույթները չկատարելու համար. Փաշինյան
Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ պահանջներ է պարունակում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին, ասելով, օրինակ, ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, մենք այստեղ էլ համաձայն չենք: Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշում է, որ պարզ չէ, թե Ադրբեջանի դիրքորոշումն ինչի վրա է հիմնվում, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին։

«Իմ ուղերձում անդրադարձել էի այդ հարցին։ Անկախության հռչակագրում կա դրույթ, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Գերագույն խորհրդի ենթակայության ներքո ստեղծվում են զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն: Այսինքն Անկախության հռչակագիրն ասում է, որ զինված ուժերը ենթարկվում են Գերագույն խորհրդին, բայց 1995թ, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը ենթարկվել են նախագահին: Դա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը ինքնաբերաբար արտահայտված չէ Սահմանադրության մեջ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ եթե այդ որոշմանն է հղում արվում, պետք է արձանագրել, որ ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29 743 քկմ տարածքում, այսինքն, ԼՂ-ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն երբեք չի եղել:

«Ադրբեջանի Սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին, այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայսիսի 28-ի Անկախության հռչակագրին: Անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918-1920 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ այդ ժամանակվա Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային եւ Արևելյան Անդրկովկասը, և 1919-ին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, և Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծում է՝ ի տարբերություն Հայաստանի Սահմանադրության, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ:

«Հիմա կհարցնեք՝ բա մենք հարց չենք բարձրացնո՞ւմ: Մենք հարցն այդ ձևով չենք բարձրացնում, որովհետև խաղաղության պայմանագրի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրի դրույթները չկատարելու համար»,-նշեց նա։

Փաշինյանը նաև հավելեց, որ Ադրբեջանի թղթերի մեջ կա նաև ձևակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառակուսի կիլոմետր է, և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառակուսի կիլոմետր:

«Սա նշանակում է, որ այսօրվա Ադրբեջանը այդ տրամաբանությամբ ևս 45-46 հազար քառակուսի կիլոմետրի նկատմամբ տարածքային հավակնություն: Դա մեզ անհանգստանցնում է: Բայց մենք ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞: Ոչ։ Մենք ասում ենք՝ կա խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդված, որն այդ հարցը կարգավորում է»,-ընդգծեց վարչապետը: