ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ հարցաքննվել է Մարտի 1–ի գործով Հատուկ քննչական ծառայությունում, հաղորդում է armtimes.com-ը։
«Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի», – գրում է հրատարակությունը` նշելով, որ ՀՔԾ–ից այս տեղեկությունը չմեկնաբանեցին։
Հայկական ընդդիմությունն` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։
Այդ ժամանակ Սահմանադրական դատարանը լեգիտիմ ճանաչեց 2008թ.–ի ընտրությունները։ Հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 52,86%–ը, Լևոն Տեր–Պետրոսյանը`21,5%–ը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հիմա նա կալանավորված է, դատարանը կքննի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–