ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է արել և կողմ է եռակողմ պայմանավորվածությունների պահպանմանը, չորեքշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է
ՏԱՍՍ-ը։
«Իսկապես, հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը մի բան է, որը երեկ լուրջ մտահոգության տեղիք է տվել, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել»,- ասել է Կրեմլի խոսնակը:
«Ռուսական կողմը հետագայում էլ է դա անելու։ Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է», - ընդգծել է Պեսկովը։
Սահմանին տիրող իրավիճակի մասին
Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 1 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–