Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին

19.12.2024, 21:46
Եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան, ասել է Փաշինյանը
Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջներին 

«Մի քանի անգամ այդ թեմային անդրադառնալու առիթներ ունեցել եմ եւ կրկին հարկ եմ համարում ընդգծել, որ եթե դա Ադրբեջանի կողմից արտահայտվող անկեղծ մտահոգություն է, այդ մտահոգությունը փարատված համարելու բոլոր հիմքերը կան: Ինչո՞ւ, որովհետեւ պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ հիմնվում է այն փաստարկի վրա, թե մեր Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին», – ասել է Փաշինյանն՝ «Արմենպրես»–ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանի նախագահը կրկին առաջ է քաշել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը։

Նրա խոսքով, Հայաստանի Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ստացել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որևէ հոդվածում Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի հիշատակում չկա: Եթե Սահմանադրության բովանդակությունն ընդունենք այնպես, ինչպես Ադրբեջանն է մեկնաբանում, այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին Ղարաբաղը չի մասնակցել, ինչո՞ւ այնտեղ ընտրական տեղամասեր չեն բացվել և մարդիկ չեն քվեարկել Սահմանադրության հարցով: Նույնը կարելի է ասել դրանից հետո տեղի ունեցած ՀՀ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների մասին: Բացի այդ, եթե ՀՀ Սահմանադրության ադրբեջանական մեկնաբանությունը ճիշտ լիներ, ղարաբաղցի մեր քույրերին և եղբայրներին Հայաստանի Հանրապետության կողմից փախստական ճանաչելն անհնար կլիներ», – ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից:

Պատասխանելով Հայաստանի այն մտահոգության մասին հարցին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանից՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ մտահոգությունը հիմնվում է այն փաստի վրա, որ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական ակտին

«Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին, որն արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը», – նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով, 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի՝ Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց Ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը

«Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Բայց մենք Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձրացնում երկու պատճառով. նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել», – ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը երկիրը կդարձնի ավելի մրցունակ և կենսունակ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։ Ավելի ուշ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չափազանցություն համարեց այն կարծիքը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն է սահմանադրության փոփոխության պատճառը, ապա հաստատել է, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի անկախության հռչակագրում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ երկու երկրների միջև խաղաղություն կարող է հաստատվել, եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին և փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում։ Նրա խոսքով, Հայաստանի Անկախության հռչակագիրն ուղղակի կոչեր է պարունակում Ղարաբաղը Հայաստանին միավորելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ, և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։