Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

04.05.2023, 09:52
Միրզոյանը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի մասին
Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, հաղորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն ը:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին։

Ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:-0-