Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը պայմանավորվել են, որ մեկ շաբաթից կհանդիպեն երկրների փոխվարչապետերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպմանը հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հուսով եմ, որ սա լավ նախաբան կլինի՝ որոշ հարցերի գործնական լուծումների համար, որոնց մասին մենք խոսում ենք: Հենց մեր այս ֆորմատում հաջողվել է շատ բանի հասնել. 2020-ի աշնանը դադարեցին մարտական գործողությունները, այնուհետև սկսվեցին աշխատանքներ՝ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանների սահմանազատման ուղղությամբ»,-ասաց Պուտինը:
Ըստ Պուտինի՝ չնայած որոշ դժվարություններին, միևնույն է, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ: Այդ ուղղություններից մեկը տրանսպորտային հաղորդակցության շուրջ աշխատանքներն են:
Ըստ ՌԴ նախագահի՝ դա լավ պայմանավորվածություն է, որը հույս է ներշնչում, որ դեռ չլուծված հարցերը կլուծվեն:-0-