Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով:
Ելույթի ժամանակ Փաշինյանն ընդգծել է Թուրքիայի հետ երկխոսության ակտիվությունը։
«Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է նա։
Վարչապետին հարց է ուղղվել Անկարյի հետ հարաբերությունների հեռանկարների մասին, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ երկրների միջև երկխոսությունը շարունակվում է։
«Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Փաստացի, Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա, և մենք շարունակական կապի մեջ ենք։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են և մենք շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի», – ասել է Փաշինյանը։