Բայդենը տեղեկացրել է էրդողանին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին ասել է, որ մտադիր է 20–րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ջարդը ճանաչել որպես ցեղասպանություն, գրում է Bloomberg–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ինչպես նշվում է Bloomberg–ի հրապարակման մեջ, ակնկալվում է, որ Բայդենը կօգտագործի «ցեղասպանություն» բառը շաբաթօրյա հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ` կատարելով նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումը։ Նա 40 տարվա ընթացքում կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915թ.–ի զանգվածային սպանությունները կճանաչի որպես Ցեղասպանություն։
Սպիտակ տունը չի նշել այս պահի մասին Բայդենի և Էրդողանի հեռախոսային խոսակցության ընթացքում, որն առաջինն էր Բայդենի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նշվում էր, որ Բայդենը տեղեկացրել է թուրք առաջնորդին, որ հետաքրքրված է «երկկողմ կառուցողական հարաբերությունների հարցում` համագործակցության ոլորտների ընդլայնմամբ և տարաձայնությունների արդյունավետ կարգավորմամբ»։
Նշենք, որ Ռոնալդ Ռեյգանը եղել է ԱՄՆ վերջին նախագահը, ով 1981թ.–ին հայերի նկատմամբ կատարված ոճրագործություններն անվանել է «Ցեղասպանություն», սակայն շուտով հետ է կանգնել իր խոսքերից Թուրքիայի ճնշման ներքո։
Էրդողանը նախատել է մյուս երկրներին, ովքեր հայերի մահապատիժները, արտագաղթն ու կազմակերպված սպանություններն անվանել են «ցեղասպանություն»։ Բայդենի հայտարարությունը, հնարավոր է, սրի հարաբերությունները ՆԱՏՕ–ի գործընկերոջ հետ։–0–