Արևմուտքը «քար լռություն» է պահպանում Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին․ Զախարովա

15.05.2024, 13:57
Արևմուտքը «քար լռություն» է պահպանում Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
Արևմուտքը «քար լռություն» է պահպանում Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին․ Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արևմուտքը «քար լռություն» է պահպանում Հայաստանում զանգվածային ձերբակալությունների ֆոնին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը ինքնիշխան պետության ներքին գործն է։

«Հայաստանում ցույցերի համատեքստում մենք տեսնում ենք Արևմուտքի «քար լռությունը» երկրում իրականացվող զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Այնտեղ կիրառվում է նաև բիրտ ուժ», - նշել է Զախարովան չորեքշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ակցիաներին, ապա, ըստ Զախարովայի, արևմտյան մեյնսթրիմը կարծես թե բառացիորեն կոծկում է դրանք։

«Կարծես (Արևմուտքը) ձևացնում է, թե այնտեղ ոչինչ չի կատարվում, կամ արևմտյան լրատվամիջոցներով հայաստանյան այս իրադարձությունները ներկայացվում են որպես հայ ժողովրդի կամքը չարտացոլող և իբր դրսից կազմակերպված։ Զարմանալի է, թե ինչպես կարող է լինել, որ նման գնահատական տրվի և չհամապատասխանի որևէ չափորոշչի»,- ասել է Զախարովան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Կիրանց գյուղից երթ են սկսել և հանրահավաքներ ու անհնազանդության ակցիաներ են անցկացնում Երևանում։ Շարժման մասնակիցները բողոքում են Ադրբեջանի հետ սահմանազատման դեմ և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։