Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.ԶԼՄ

06.10.2021, 12:52
ԶԼՄ–ները հայտնում են, որ «Ադրբեջենական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու–Նախիջևան–Բաքու ներքին չվերթ կատարելիս հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
Ադրբեջանը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը.ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական ԶԼՄ–ները հաղորդում են, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։

««Ադրբեջենական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու–Նախիջևան–Բաքու ներքին չվերթ կատարելիս հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ներկայացնում է Ադրբեջանի վճռորոշ պատրաստակամությունն ապաարգելափակել տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունները, ինչը համապատասխանում է բոլոր սահմանային երկրների շահերին», – նշվում է ՏԱՍՍ–ի կողմից հրապարակված ավիափոխադրողի հայտարարության մեջ։

Ավիաընկերությունից նշել են, որ նոր երթուղու շնորհիվ չվերթերը կատարելիս կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը։ AZAL–ից նաև նշել են, որ Հայաստանի և Իրանի տարածքով երթուղիները կօգտագործվեն զուգահեռ։

«Այսուհետ AZAL–ն այդ չվերթն իրականացնելիս կկարողանա օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, որոնք այդ թվում անցնում են Հայաստանի և Իրանի տարածքով», – նշվում է ավիաընկերության հայտարարության մեջ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարին` մեկնաբանություն ստանալու համար։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները փակել են օդային միջանցքը Նախիջևանում Ադրբեջանի ռազմական–տրանսպորտային ավիացիայի համար։ Ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով պաշտպանական ոլորտի աղբյուրներին, հայտնել են, որ արգելքը չի ազդի այդ էկսկլավում տեղակայված` հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարման վրա։ Ավելի ուշ սոցցանցերում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Թեհրանը ևս իբր փակել է իր օդային տարածքը նաև Բաքվից Նախիջևան իրականացվող ուղևորափոխադրումների համար։–0–