Հայ պատգամավորները կաջակցեն ռուսական կողմի մի շարք նախաձեռնություններին Միջխորհրդարանական միության 133–րդ վեհաժողովի շրջանակում

20.10.2015, 10:13
Հայաստանի պատգամավորների պատվիրակությունը կաջակցի ռուսական կողմի մի շարք նախաձեռնություններին Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 133–րդ վեհաժողովի շրջանակում։
Հայ պատգամավորները կաջակցեն ռուսական կողմի մի շարք նախաձեռնություններին Միջխորհրդարանական միության 133–րդ վեհաժողովի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պատգամավորների պատվիրակությունը կաջակցի ռուսական կողմի մի շարք նախաձեռնություններին Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) 133–րդ վեհաժողովի շրջանակում, մասնավորապես` ՄԽԱ–ում ռուսաց լեզվի կարգավիճակի, ԱՊՀ միջխորհրդարանական ասոցիացիայի կարգավիճակը` մինչև միության ասոցացված անդամի մակարդակ բարձրացնելու մասին առաջարկին, ինչպես նաև ՄԽՄ–ի հաջորդ վեհաժողովը Ռուսաստանում անցկացնելու նախաձեռնությանը։ Այս մասին ՏԱՍՍ–ին է հայտնել ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի ստորին պալատի խոսնակը հոկտեմբերի 19–20–ն աշխատանքային այցով գտնվում է Ժնևում` ՄԽՄ–ի 133–րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով։

Սահակյանը հանդիպման ընթացքում նշել է երկու երկրների պատգամավորների արդյունավետ համագործակցությունն ու երկկողմ շփումները, այդ թվում նաև միջազգային միջոցառումների շրջանակում։

«Մեզ տեղեկացրել են ռուսական կողմի մտադրության մասին, ըստ որի` առաջարկվում է ռուսերենը դարձնել միջխորհրդարանական միության պաշտոնական կամ աշխատանքային լեզուն։ Եվ ես կարծում եմ, որ մենք հաճույքով կաջակցենք այս նախաձեռնությանը», – հայտարարել է Սահակյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հայ պատգամավորների պատվիրակությունը կաջակցի ԱՊՀ–ի ՄԽԱ–ի կարգավիճակը` մինչև միության ասոցացված անդամի մակարդակ բարձրացնելու մասին առաջարկին։

ՀՀ ԱԺ խոսնակը նաև ավելացրել է, որ պատգամավորները կաջակցեն 2016 կամ 2017 թթ.–ին Ռուսաստանում ՄԽՄ հերթական վեհաժողովն անցկացնելու առաջարկին։

Ավելի վաղ նման առաջարկ էր ներկայացրել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով ևս այցելել է Ժնև և մասնակցել նույն վեհաժողովին։

Սահակյանը վստահ է, որ երկու երկրների խորհրդարանները պետք է ավելի սերտ համագործակցեն միջազգային կազմակերպությունների շրջանակներում` միջազգային կարևոր խնդիրների շուրջ դիրքորոշումները համաձայնեցնելու համար։ Հայկական պատվիրակությունը կարծում է, որ խորհրդարանականների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հակասում են ժողովրդավարական սկզբունքներին, և անընդունելի է երկրների նկատմամբ ցանկացած տեսակի պատժամիջոցների կիրառումը։

Նարիշկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ խոսնակին աջակցության համար։ Նա նաև հիշեցրել է, որ Մատվիենկոն չէր կարողացել մասնակցել օգոստոսի 31–ից սեպտեմբերի 2–ը Նյու Յորքում կայացած ՄԽՄ վեհաժողովին, քանի որ ԱՄՆ–ն սահմանափակող վիզա էր տրամադրել նրան։ Նարիշկինի խոսքով` անթույլաատրելի են ՄԽՄ որոշ երկրների նման անբարյացակամ քայլերը։–0–