Սպանություն՝ Երևանում․ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան

16.11.2024, 11:12
Երևանում գիշերը սպանություն է տեղի ունեցել
Սպանություն՝ Երևանում․ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, Երևանի քրեական ոստիկանության վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու պարկեները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով, ըստ հիվանդանոցի հայտնած տեղեկությունների, մահացել է կրակոցից:

Նրա մարմնի վրա առկա է եղել կրակոցի 1 հետք:  

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում՝ Նազարբեկյան 15/6 հասցեում, հայտնաբերել են արնանման հետք և կրակված 1 գնդակ:  

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Կայքի տեղեկություններով՝ սպանվածը վերջերս էր Ֆրանսիայից ժամանել Հայաստան:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: