Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետին

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքննությունների բաժանմունքի պետ Արմեն Ամիրաղյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիքների նախապես չխոստացված պարտակում: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։
Քրեական գործով պարզվել է, որ Արմեն Ամիրաղյանը 2020թ.-ի մարտի 24-ին որպես փորձագետ մասնակցել է Վանաձոր քաղաքում նույն օրը տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության դեպքի` հրազենի գործադրմամբ երկու և ավելի անձանց սպանության փորձի առթիվ նախապատրաստվող նյութերով քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը:
Արմեն Ամիրաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 334-րդ (Հանցագործությունը պարտակելը) հոդվածների 1-ին մասերով:
«Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-