Հայաստանը հումանիտար օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Թուրքիային

27.10.2011, 17:10
Հայաստանը հումանիտար օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Թուրքիային
Հայաստանը հումանիտար օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Թուրքիային

ՀՀ կառավարությունը հումանիտար օգնություն կցուցաբերի երկրաշարժից տուժած Թուրքիային, նշվում է հանրապետության ԱԻՆ պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

Այսօր երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։


Թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Պետական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլա Գյուլին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Հաջորդ օրը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որի ժամանակ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

Կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում: Նույն օր տեղի սեյսմոլոգները հայտնել են, որ զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու:

Երկրաշարժի գոտում շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնք դժվարանում են տեղացող ձյան և անձրևի պատճառով: Տարածաշրջանում ցուրտ եղանակը կպահպանվի մինչև կիրակի, հաղորդում են օդերևութաբանները:

Տեղի իշխանությունները տուժածներին հումանիտար օգնություն են ցուցաբերում, որը ստացվում է Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններից և արտերկրից: Տուժածներն ամենաշատը տաք հագուստի, վրանների, սննդի և խմելու ջրի կարիք ունեն:

Այժմ, Թուրքիայի ԱԳՆ-ի տվյալներով, տուժածներին օգնություն է ցուցաբերել 12 երկիր, այդ թվում նաև Ռուսաստանը:-0-