Բանկոմատներից գողություն անող և բնակարաններ թալանող վրացիներն ու հայերը ձերբակալվել են Մոսկվայում. ՌԴ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի մասնակիցներին, ովքեր Մոսկվայում բնակարաններ և գրասենյակներ էին թալանում, ինչպես նաև բանկոմատներից գողություն էին կատարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
Հանցավոր խմբավորման մասնակիցները վրացիներ և հայեր են, ովքեր նախկինում դատապարտված են եղել:
«Մասնակիցները երկու խմբի էին բաժանվում՝ երկուսը բացում էին բնակարանների մուտքի դռները, գողանում դրամական միջոցներ և ոսկե զարդեր, իսկ մյուսներն այդ ժամանակ կանգնում էին փողոցում և ամեն մեկն իր «կետից» հետևում էր շենքի մուտքին: Խմբավորման պարագլուխը գողության պահին ևս գտնվում էր շենքի մոտակայքում՝ ավտոմեքենայի մեջ և ռացիայի միջոցով վերահսկում էր խմբավորման մասնակիցների գործողությունները», - տեղեկացրել է գերատեսչությունը:
Հանցանքը կատարելուց հետո խմբավորման բոլոր մասնակիցները մի քանի արտասահմանյան մեքենաներով շարժվում էին տարբեր ուղղություններով և նախօրոք պայմանավորված վայրում կիսում գողոնը:
Հաստատվել է, որ ձերբակալվածները թալանել են հինգ բնակարան, Մոսկվայի տարածքում չորս բանկոմատ, ինչպես նաև Մոսկվայի մարզում գտնվող ընկերություններից մեկի գրասենյակը: Չարագործների գործողությունների հետևանքով հասցված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 16 մլն ռուբլի:
Խուզարկությունների ընթացքում օպերատիվ աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են գողացված թանկարժեք զարդերի մի մասը, ռադիոկայաններ և գործիքներ, որոնք օգտագործվել են հանցագործություններ կատարելու ժամանակ:
Չարագործների նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158-րդ հոդվածի չորրոդ մասի հատկանիշներով (հանցավոր խմբավորման կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի կողոպուտ): Հոդվածով նախատեսվում է մինչև տասը տարի ազատազրկում: Որպես խափանման միջոց մեղադրյալների նկատմամբ ընտրվել է կալանքը:
Հաստատվում է նմանատիպ այլ հանցագործությունների կատարման մեջ ձերբակալվածների մասնակցությունը:-0-