Հայաստանի լավագույն երկրաբանները կպարզեն Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի պատճառները. վարչապետ

04.10.2011, 10:47
Հայաստանի լավագույն երկրաբանները կպարզեն Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի պատճառները. վարչապետ
Հայաստանի լավագույն երկրաբանները կպարզեն Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած սողանքի պատճառները. վարչապետ

Հայաստանի լավագույն երկրաբաններն առաջիկայում աշխատանքներ կսկսեն սողանքային գոտում` բնական աղետի պատճառները պարզելու նպատակով, լրագրողներին հայտնեց դեպքի վայր ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Սողանքը շատ մեծ է: Իջել է ճանապարհին հարող լեռան մեկ երրորդը: Սողանքի պատճառ կարող էր դառնալ մի քանի օր առաջ արձանագրված 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը»,- ասաց կառավարության ղեկավարը:
Նա նշեց, որ օպերատիվ շտաբ է ձևավորվել, և օպերատիվ բոլոր ծառայությունները, այդ թվում` Ոստիկանությունը, բժիշկները և փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքներ են սկսել:

Նրա խոսքով՝ ներկայում անհրաժեշտ է սպասել երկրաբանների եզրակացությանը, որպեսզի որոշվի, թե որ հատվածում է անհրաժեշտ նոր ճանապարհ կառուցել:

«Պետք է այստեղ լինեն մեր լավագույն մասնագետները, որպեսզի ճանապարհաշինարարության օպտիմալ ռազմավարություն գտնենք»,- նշեց Սարգսյանը:

Նա նշեց, որ այս պահին առաջնահերթ խնդիրը մերձակա գյուղերի բնակիչների համար շրջանցիկ նոր ճանապարհներ գտնելն է:
Փրկարարական աշխատանքները սողանքային գոտում շարունակվում են: Դեպքի վայր են ժամանում մերձակա շրջանների և մարզերի փրկարարական նոր ուժեր:

Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:

Մինչ այս պահն անհետ կորած են համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու հատվածն անանցանելի է դարձել, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին անհրաժեշտության դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:

Հայաստանի ԱԻՆ-ը դեռևս սեպտեմբերի 30-ին հայտարարել է սողանքային երևույթների ակտիվացման մասին Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան մայրուղու 83-րդ կիլոմետրում, որտեղ ճանապարհը ծածկվել է 3 հազ խորանարդ մետր ծավալով սողանքային զանգվածներով: Ճանապարհը մաքրվել է, սակայն սողանքի վտանգը պահպանվում էր:
Բնական աղետի ազդանշանի ստացումից անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ սողանքային գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: -0-