Հայտնի է Արարատի մարզում ՊՆ բեռնատարի մասնակցությամբ խոշոր ավտովթարի վիրավորների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Սեպտեմբերի 5-ին, ժամը 11:17-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անուշ Կ․-ն (ծնված 1989 թ․), «ԳԱԶ-3308» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հայկ Հ․-ն և ուղևոր Ռուբեն Վ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, այնուհետև Անուշ Կ․-ն տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Հայկ Հ․-ն և Ռուբեն Վ․-ն ՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ուղղել «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:
ՀՀ ՊՆ մամաուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ զինծառայողները լուրջ վնասվածքներ չեն ստացել:
«(Նրանք ունեն) թեթև վնասվածքներ և ամբուլատոր բուժում կստանան», - հավելեց նա: -0-