Դաժան սպանություն՝ Լոռիում․ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղի կոտրվածքով ու մեկ ժամ անց մահացել է

17.05.2025, 14:25
Արսեն Կիրակոսյանը հոսպիտալացվել է գանգուղեղի կոտրվածքով և կտրած–ծակած վերքերով
Դաժան սպանություն՝ Լոռիում․ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղի կոտրվածքով ու մեկ ժամ անց մահացել է

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով։ 

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մայիսի 16-ին' ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ 

Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ 

ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ 

Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Սպիտակի և Տարոնի բաժինների ծառայողները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին՝ կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու։

Պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պարնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածներ է հասցրել Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։ 

Մեծ Պարնիի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել ու ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։