ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հոլանդացի սեյսմոլոգ Ֆրենկ Հուգերբիթսը, ով կանխատեսել էր վերջին ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում և Սիրիայում, հայտարարել է, որ 2023 թվականի մարտին աշխարհը ականատես կլինի մեգաերկրաշարժերի։ Այս մասին հայտնում է
Росийская газета-ն՝ հղում անելով SSGEOS գիտական ինստիտուտի (Solar System Geometry Survey) կայքում տեղադրված տեսանյութին։
Նա նշել է, որ մարտի 2-ին և 5-ին մոլորակների մոտենալը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության մարտի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում։ Հնարավոր են ցնցումներ մոլորակի 12 կետերում, իսկ դրանց ուժգնությունը կլինի 8,5 և ավել բալ։
Թվարկված են նաև այն շրջանները, որոնք հայտնվելու են, այսպես կոչված, կարմիր գոտում. դրանք են Ճապոնիայի հարավը, Ինդոնեզիան, Պորտուգալիան, Հունաստանը, Պակիստանը և Հյուսիսային Ամերիկայի մի մասը։ Ցանկում է նաև Ռուսաստանը, ավերիչ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Կուրիլյան կղզիներում։
«Ես չեմ չափազանցնում, չեմ փորձում վախ տարածել, սա ընդամենը նախազգուշացում է»,- ասել է գիտնականը։
Հուգերբիթսը կանխատեսել էր փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին ավերիչ երկրաշարժերն այդ ստորգետնյա ցնցումներից երեք օր առաջ։-0-