Պատմության ուսուցիչը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն

05.04.2023, 23:16
Պատմության ուսուցիչը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն
Պատմության ուսուցիչը վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին:

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-