Նկատել են պատուհանի մոտ կանգնած ու արնահոսող քաղաքացու․ փրկարարների ու պարեկների շնորհիվ հաջողվել է կանխել ողբերգությունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 6-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց ահազանգ, որ Նոր Նորքի 7-րդ զանգվածի շենքերից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Երևանի պարեկները և Փրկարար ծառայության աշխատակիցները քիչ անց դեպքի վայրում էին։
«Նկատել ենք մի քաղաքացու, որը կանգնած էր պատուհանի մոտ ու արնահոսում էր։ Մեզ հաջողվեց բանակցությունների միջոցով քաղաքացուն հետ պահել իր մտադրությունից, այնուհետև տեղի ուժերով փորձել ենք ցույց տալ առաջին բուժօգնություն»,-նշել է Երևան քաղաքի գնդի պարեկ Դավիթ Բարսեղյանը։
Պարեկների և փրկարարների օպերատիվ և համատեղ արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ողբերգությունը կանխվեց։
Սա միակ դեպքը չէ, երբ ոստիկանների և փրկարարների գործողությունների շնորհիվ մարդկային կյանքեր են փրկվում։