Երկու տուն ամբողջովին մոխրացել է Նուբարաշենում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
08.03.2021,
19:04
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Նուբարաշենում բռնկված խոշոր հրդեհը մարվել է։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 հասցեում գտնվող երկու տներում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: