Արմավիրի մարզում հայրը կասկածվում է 30–ամյա որդու սպանության մեջ (ՖՈՏՈ)

25.07.2022, 13:27
Արմավիրի մարզում հայրը կասկածվում է 30–ամյա որդու սպանության մեջ, լուսանկարներ դեպքի վայրից
Արմավիրի մարզում հայրը կասկածվում է 30–ամյա որդու սպանության մեջ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված վարութային և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Գայ գյուղում 30-ամյա տղամարդու սպանության դեպքը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Վերջինիս՝ դանակահարված վիճակում հիվանդանոց ընդունվելու և մահվան մասին հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 24-ին՝ ժամը 18:30-ին:

 - рис.1

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

«ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժածի հայրը՝ ծնված 1957թ.: Վերջինս նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթ նախաձեռնող մարմնին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.2

Վարույթի շրջանակներում, ձերբակալվածի մասնակցությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ խոհանոցային դանակով հարվածել է որդու պարանոցին, հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել նմուշառումներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ դեպքի պահին տուժողի և վերջինիս հոր հագին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–