Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել

19.01.2023, 13:20
Կրակոցներ են հնչել Երևանի Աբովյան փողոցի հարակից այգում
Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 18-ին, ժամը 00.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել Երևանի 32-ամյա բնակչի և Աբովյան քաղաքի 30-ամյա բնակչի միջև, որին մասնակցել էին նաև աբովյանցու ընկերները: Վիճաբանության ընթացքում 30-ամյա աբովյանցին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփը՝ լիցքավորված 6 փամփուշտով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի 30-ամյա բնակիչը ներկայացել է Կենտրոնական բաժին, իսկ միջադեպի մասնակից նրա 27-ամյա ընկերը հայտնաբերվել է Սայաթ-Նովայի պողոտայում: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ 30-ամյա երիտասարդը ներկայացրել է զազային ատրճանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–