26–ամյա որդին տնից գողացել է մոր ոսկե զարդերն ու 5400 դոլար և խաղադրույք կատարել

26.03.2025, 12:39
Որդին գնել է հուշանվեր-թղթադրամներ ու դրել ծնողներից գողացած 5400 դոլարի փոխարեն
26–ամյա որդին տնից գողացել է մոր ոսկե զարդերն ու 5400 դոլար և խաղադրույք կատարել

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել:

Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: