ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայանում կիրակի հայտնաբերել են մի մարդու, ով ժամանել է Աֆրիկայի հարավից բեռնատար օդանավի շասսիների խցիկում և ողջ է մնացել, գրում է
BBC–ին։
Մարդիկ, ովքեր փորձում են այսկերպ հասնել որևէ երկիր, հաճախ մահանում են, քանի որ ժամանակակից օդանավերի թռիչքի բարձրության վրա օդի ջերմաստիճանը սովորաբար կազմում է մոտ -50, օդը չափազանց անոսրացած է, ընդ որում շասսիների խցիկները հերմետիկ չեն` ի տարբերություն օդանավերի սրահների։
«Տղամարդը հայտնաբերվել է օդանավի առջևի շասսիների խցիկում, նա ողջ է, վիճակը կայուն է։ Տեղափոխվել է հիվանդանոց, առաջին հերթին մեզ մտահոգում է մարդու առողջական վիճակը։ Չափազանց արտասովոր է այն, որ նա ողջ է մնացել նման սառնամանիքի և բարձրության պայմաններում։ Շատ արտասովոր է», – նշել է Նիդերլանդների ոստիկանության և սահմանային պահպանության միավորված ծառայության ներկայացուցիչ Յոհաննա Հելմոնդսը։
Ինչպես կարծում են ոստիկանությունն ու մամուլը, այս հաջողակը Նիդերլանդներ է եկել Յոհաննեսբուրգից կամ Նայրոբիից, իսկ թռիչքը Յոհաննեսբյուրգից Ամստերդամ տևում է մոտ 11 ժամ։
Տղամարդու տարիքի և ազգությամբ մասին դեռևս չի հաղորդվում։
Cargolux Italia ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ իրենց բեռնատար օդանավում հայտնաբերվել է օտար մարդ, բայց հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ` նշելով, որ ընկերությունը սկզբում պետք է սեփական քննությունն անցկացնի։
Կիրակի «Սխիպխոլ» օդանավակայան ժամանած Cargolux ընկերության միակ բեռնատար չվերթն իրականացրել է Boeing-747 օդանավը, որը մեկնել է Յոհաննեսբուրգից և տարանցիկ վայրէջք է կատարել Նայրոբիում։
Օդանավակայանի ներկայացուցիչը չի մանրամասնել միջադեպը` միայն նշելով, որ շատ հազվադեպ է լինում, որ մարդիկ անօրինական կերպով օդանավով փորձում են հասնել Հոլանդիա, և նախորդ դեպքերում եղել են անօրինական միգրանտներ Նիգերիայից կամ Քենիայից։
Նախորդ տարի հոլանդացի սահմանապահները «Սխիպխոլում» վայրէջք կատարած օդանավի շասսիների խցիկում հայտնաբերել էին նիգերիացու մարմին, ով փորձել էր ապօրինի կերպով հասնել Եվրոպա։–0–