Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու Mercedes-Benz G–ն (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` ապրիլի 18-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Սերգեյ Ս.) և «Mercedes-Benz G 500» (վարորդ՝ Ալբերտ Խ.) մակնիշների ավտոմեքենաները»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաները տեղի ուժերով հոսանքազրկվել են, և դադարեցվել է վառելիքի արտահոսքը:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:–0–